Հրանտ Մաթևոսյան

Hrant MatevosyanԳնալու և հասնելու ճանապարհը

Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։ Կարելի է խենթանալ ու հերոսանալ, կարելի է հերոսանալ թշնամու արատի ստույգ հաշվարկով, կարելի է սեփական հասակը բարձրացնել թշնամական հասակի ուրացումով. և այդ է պահանջում հաղթական պայքարի օրենքը, բայց մեծագույն առաքինություն է մնում սեփական չկամությունը ջարդելու բարձր կարողությունը։
Եվ մեր ամենքից ու յուրաքանչյուրից այսօր անհնարին ջանք է պահանջվում՝ հեռացնել, վռնդել մեզնից յուրաքանչյուրից այդ չկամությունը։ Անհնարին եմ ասում, որովհետև դա սեփական կամքի ջախջախում է թվում, գրեթե ինքնաոչնչացում։ Այնինչ դա է մեծարելու և մեծանալու, մեծարելով մեծանալու ճանապարհը, բարձրացնելու և բարձրանալու, փրկելու և փրկվելու, գնալու և հասնելու ճանապարհը, որովհետև «ինչ մտանես՝ էն գտանես — ինչ մտանեմք՝ այն գտանեմք». այսօր «ճիվաղ» մտանեմ՝ վաղը ինձնից իսկ սերված ճիվաղը կանգնելու է իմ ճանապարհին, այսօր «ընկեր ու եղբայր» մտանեմ՝ վաղվա օրով հայտնվելու եմ եղբայրներիս ու ընկերներիս բանակում։
Ամենադժվարն իսկապես սեփական ճճվին սեփական հոգում ճզմելն է և ամենահեշտն իսկապես՝ ուրիշների անուրանալին ուրանալու կարողությունը, որոնց մեղքը այն է միայն, որ նրանք դու չես, նրանք մեզնից են՝ բայց մենք չեն, ինձնից են՝ բայց ես չեմ։
Ուրացումի, ժխտումի, քանդումի դիվական ճանապարհը սկիզբ է առնում մեր հոգիներից, և մեր բերանները, որ կարող էին լույս խփել, լույս հորդալ,- սկիզբն են լինում ավարի ու ավերի հմայող ճանապարհի։ Մեր երկար օրվա մայրամուտին այդ ճանապարհը մի բանի մեզ ստուգապես հասցնում է, և այդ բանը ժխտողի և ավերակողի մեր իսկ պատվանդանն է, բայց երբեք բարեշեն այն օջախը, որ երկիր ու հայրենիք էր կոչվելու և լինելու էր ամենքինս։ Այդ ճանապարհի ավարտը մեր իսկ վերջն է, և ուզում ենք երկարի այդ ճանապարհը, և ուզում ենք անվերջ լինի, որովհետև վերջը մեր իսկ վերջն է, որովհետև երեկվա օրով ոչ ոք էինք, այսօր մի ոմն ենք։
Ատելության, ժխտման ու ավերակման ուղին սկիզբ է առնում մեր հոգիներից, այս սերնդին այնինչ, մեր որդիների ու եղբայրների ողբերգական սերնդին, այս խաբվող, ընկնող, ընկրկող, ելնող ու նորեն խրոխտացող սերնդին մենք պարտավոր ենք միայն օրհնել ու բարի երթ մաղթել — որովհետև մեր հազարամյա պատմության մեջ թերևս առաջին անգամ այս սերունդն է ստեղծված մեր մսից ու արյունից ու մեր օրերից և իրեն էր վիճակված անել մեր սխալները, սայթաքել մեր փոխարեն, կանգնել մեր տեղը պատմության առջև և իր վրա առնել մեր բաժին նզովքը սերունդներից ու սերունդներից՝ եթե նզովքի ենք արժանի։
Պատմությունը ազգերի ու ժողովուրդների ճանապարհին նստած սֆինքս է՝ որ անցած ուղիներիդ դասը չի հարցնում — փորձում է իրենից՝ այսօրից անցնելու, գալիքին ոտք դնելու կամքդ։
Տեղներս, այո, դժվար է։ Ոչ մի անգամ, ուրիշ ոչ մի անգամ ծանր կացությունն այսպես սֆինքսորեն մեր դռանը չի չոքել. եթե ինքնիշխանության դրոշ պարզել ենք՝ ապա և անձնատրության սպիտակ դրոշը մեր ծոցում պատրաստ բռնած. եթե ընդվզել ենք՝ այլազգի մեր տիրոջ գահն ի վեր. եթե գաղթեցրել են՝ խոնարհ հպատակության են քշել և ոչ հողմացրիվության։ Հիմա՝ մեր անձնատուր հպատակությունը չեն ուզում — պահանջում են մեր չլինելը։ Կամ եղիր, կամ մի։ Կամ-կամ։
Եվ սա պահանջվում է մի սերնդից, որ սերունդների մեր հազարամյա երթի մեջ ամենաքիչն էր պատրաստ կանգնել նման պահանջի առջև,- — կարծում էր կա և հաղթանակած ազգերի բանակում կա մեկընդմիշտ։ Իսկ մեկընդմիշտ հաղթանակներ չեն լինում — ամեն մի սերունդ պարտավոր է զարդարվել իր հաղթանակով։
Լինելության կռիվ է պահանջվում մի սերնդից, որ ստիպված է երես առ երես մենակ նստել դիվանագիտության քոքված գայլերի դեմ. մենակ կանգնել ռազմի արհեստում հմտացած մսագործների առաջ. հարաբերվել առևտուր անուն մի գործի, ուր խաբելը հաղթանակ և խաբվելը անբարո է. նորից սովորել հողի հին լեզուն և զրուցել արտի ու այգու հետ, որպես թե կուռքդ եզը չի եղել և ծիրանի ծառը քույրդ չի եղել. անկման ու փախուստի ճանապարհին կանգ առնել ո՛չ դատախազի կանչի վրա — սեփական խղճի. հաղթահարել բռնության, կողոպուտի, անիշխանության, շնության ստրկական ազատությունը և իրեն զսպել բարոյականության կապանքով։
Այս խաբվող, ընկնող, ընկրկող, ելնող ու նորեն խրոխտացող սերնդին՝ մեր որդիների ու եղբայրների ողբերգորեն հերոսական սերնդին, մեզ առաջնորդ չանելու իրավունքը մենք չունենք, իր մեծ երթի թափը մեզնով չզորացնելու իրավունքը մենք չունենք, իրեն առաջնորդողին մեզ առաջնորդող չհամարելու բարոյական իրավունքը մենք չունենք։

Աղբյուր՝  Հրանտ Մաթևոսյան պաշտոնական կայք
Սկզբնաղբյուր՝  «Հայաստանի Հանրապետություն», 19.09.1996թ.

ԼԻՆԵԼ

Հաճախ է եղել, որ լսել եմ հայ մարդու բերանից. «Ձեր էդ եղեռնը…», «էդ Հայաստանը…», «Դուք…», և միշտ՝ «Ձեր էդ»։

Կամ նույնիսկ առանց «էդ»-ի՝ «Հայաստանը», որպես թե Հայաստանն իր մեջ չէ և ինքը Հայաստանում չէ — Հայաստանը հեռո՜ւ-հեռավոր մարդ մի տեղ է, բոլոր դեպքերում՝ իրենից դուրս և վերաբերում է թերևս միայն քեզ՝ հայ իշխանավորիդ, հայ հոգևորականիդ, հայ մտավորականիդ։ «Ձեր էդ եղեռնով գլուխ տարաք»։ «Ձեր էդ Հայաստանն էլ մի բան չի»։ «Մեր էս հայերն էլ…» Ահա մի քիչ մոտեցրեց իրեն՝ «մեր էս», բայց դարձյալ ինքը չէ — ինքը ողբերգական, զավեշտական, խելակորույս այս երևույթի կողքին կանգնած մեկն է։
Դրանք հաճախ եղել են «հովտաց միամիտ շուշաններ՝ որ ոչ մանում ու ոչ էլ բանում են» ազգային բարդույթի բեռան տակ, «Բայց կան գեղեցկորեն» և նրանց շնորհիվ մենք կանք. երբեմն եղել են մի եզակի անգամ իրենց տված մարդու կյանքը ազգային մեր այս թնջուկից հեռացրածները, և երբեմն էլ՝ մարդիկ, որոնց թվացել է, թե հայ ու Հայաստան լինելը գործ է, որ իրենք քեզնից լավ կանեին՝ եթե տրվեր իրենց։
«Ձեր էդ դաշնակները»։ «էդ ձեր կոմունիստները»։ «Հռոմի պապից ավելի ձեր էդ պապականությունը»։ «Ձեր էդ գետտոյական ինքնամեկուսացումը»։ «էդ ձեր անառագաստ միջազգայնականությունը…»։
Իսկ միմյանց զորությունը և միմյանց էլ թուլությունն ենք, հպարտություն ենք միմյանց համար և խարան՝ միմյանց վրա։
Միմյանցից հրաժարվել — չկա, չենք կարող, չենք կարող ինքներս մեզ ժխտել։
Հայ լինելը դժվար է, բայց անհնարը հայ չլինելն է։
Տարբեր լեզուների ու դավանանքների մեջ՝ մենք հայեր ենք։ Եվ մեր բոլորիս ու յուրաքանչյուրիս համար մեր ինքնությունը բեռ չէր լինելու, եթե չծանրանայինք միմյանց վրա, միմյանց համար բեռ չդառնայինք։ Այս այսպես և միայն այսպես է, բայց թաքուն հուսում ենք՝ թե այնքան էլ այդպես չէ, թե կարող ենք միմյանցից թաքնվել, գողանալ՝ թաքուն, շնանալ՝ թաքուն, անարի լինել՝ թաքուն, յուրաքանչյուրիս ներսի շիտակին ու քաջին այդպես կալանած էլ սպանել մեր ներսում ու հուսալ՝ թե դա մեր բոլորից թաքուն եղավ։ Այնինչ մարմինս է վկայում, որ ինքը կողոպտված է, ականջներիս պարապն է ճչում, թե եղբայրս թիկունքիս կանգնած չէ։
Բայց այսօր ա՞յդ օրն է, այսօր օրը չէ՞ մեր դժբախտ ճակատագիրն անիծելու։ Այսօր, և՛ երեկ, և՛ վաղը՝ միշտ ա՛յդ օրն է — լինելության ու մեր ճակատագիրը վերծանելու։
Մեր ճակատագիրը մեր ձեռքով մենք ենք դրոշմել, և հստակ ու անանց պոռթկում է մերոնցից, նրանց գիրը, ովքեր մարդու իրենց կոչման առջև ազնիվ են եղել, և անընթեռնելի ու չգո՝ մերոնցից նրանց գիրը, ովքեր եղել են ու չեն եղել, ովքեր այսօր իսկ կան ու չկան։
Եվ չտա Աստված, որ անարիներիս բացակայությունն այսօր՝ վաղը մեր ճակատագրերը վերծանելու հանձնի ոչ յուրայինների. «Կար մի երկիր Հայաստան անուն։ Նրա որդիներն անարի էին և մանավանդ աշխատել չէին սիրում և անազնիվ էին իրենց գործերի առջև, և նրանք կերան իրենց հայրենիքը և այդպիսով իրենք իրենց կերան»։
Մեր նման շատերի և շատերի գոյությունը մխիթարություն չէ մեզ համար, և նախանձը խնդիր է այս արևի տակ բարձր ներկայությունը նրանց, ովքեր մեր վիճակում եղել են, բայց այսօր մարդու և մարդկայնության, ազգի և ազգության չափանիշ են. մենք կարող էինք այնքա՛ն մենք լինել, ինչքան որ նրա՛նք են իրենք, մենք կարող ենք։
Սա հեշտ է, սա դժվար չէ, եթե դժվար չէ այս հողի վրա արյուն-քրտինք թափելը, խոսքի ու գործի այս աղբից հրապարակը մաքրելը, բանվորի-զինվորի-գործչի-գիտնականի-գրողի քո գործին չխարդավանելը։ Այլապես մարդկանց երկիրը նույնպես մեքենա է, չի կարողանում խաբվել։ Այլապես պահած ուրիշ անուն ունեն նահատակ քո ժողովրդի համար, քո հեռանալուն են սպասում։
Մեր պատմության ծանրությունը լիուլի բավ է մեզանից ամենադիմացկունին անգամ տապալելու — ողջերս չծանրանանք ողջերիս վրա, չծանրանանք։

Աղբյուրը՝ http://hrantmatevossian.org/hy/works/id/linel

Հրանտ Մաթևոսյանը Վահան Տերյանի մասին (հատված)

Նա չարտագրված բառ չունեցավ: Նա չքաղաբերված տող չունեցավ։ Նա լեզու դրեց հայ գրականության բերանը, բնազդային անորոշ թրթիռները, որ անգամ Թումանյանից ճանաչվելուց էին խուսափում, Տերյանից անուն ու նշանակություն առան և իրենից հետո եկողի համար արդեն կայուն բառամթերք էին, իրենից հետո եկողն արդեն կարող էր հայոց լեզու հրավիրել նաև այնպիսի գրողների ու մտածողների, ում համար մինչև Տերյանի հայտնությունը մեր լեզուն տեղ չուներ: Արդյո՞ք այս նույն երևույթը ի նկատի չունի Աստվածաշունչը խոսքի մասին իր առակում. «Ի սկզբանե էր բանն…»: Միա՛յն:
Տերյանն, այո, հայոց լեզվին բան տվեց, և լեզուն, որ ամբողջ մշակույթի հիմքն ու հենքն է, յուրացնել սկսեց երևույթներ, որ մինչև Տերյանը միայն ուրվագծել էր զորում: Սա զուտ Տերյանի՞ վաստակն է, թե՞ նաև իր ժամանակի: Իր գործի նշանակությունը ոչ ավելացնելով և ոչ էլ նվազեցնելով ասենք, որ նաև ինքը Տերյանն էր բազում ժամանակների ու սերունդների համառ աշխատանքի արդյունք, բայց ասենք նաև, որ իրենի՛ց հետո հայ նկարչությունն սկսեց այլ կերպ տեսնել ու նկարել, քան մինչև Տերյանն էր նկարում. իրենի՛ց հետո հայ ճարտարապետությունը սկսեց նկարել ու կառուցել այլ կերպ, քան մինչև Տերյանը. և՛ երաժշտությունը, և՛ բուն բանարվեստը: Այլապես՝ հնադավաններ կլինեին և ժամանակավրեպ կկոչվեին:
Նկատված երևույթ է, որ գաղթածները նոր վայրերում փնտրում ու գտնում են իրենց հին հայրենիքին հնարավորինս նման հայրենիք և հին տունը նոր գյուղում նույնությամբ վերականգնում են. առջևները հեռվում սար է եղել՝ նոր վայրերում են սար փնտրում, գյուղը գետի ակունքներում է եղել՝ այստեղ են ակունք գտնում, դուռն արևելք է նայել՝ դարձյալ արևելք է նայում: Մեր խոսքը հիմա, սակայն, Բյուրակն ու Ջավախք աշխարհների անվերապահ նմանության մասին չէ  միմյանց նույնությամբ կրկնելու մասին է երկու, թվում է, հեռավոր աշխարհների՝ Ջավախք աշխարհի և Տերյանի բանաստեղծության: Ժողովրդի և բնության այս գեղեցկապաշտությունը և Տերյանի բանաստեղծության այդ գեղեցկապաշտությունը փոխկանչի մեջ են և իրարու գտնում են: Եթե աչքերս կապած ինձ պտտեին հայրենի երկրում և միայն մի փոքրիկ պատկեր տեսնեի, որ տեսա  սիրունիկ հագնված աղջնակը ինքը իրեն չափ էր տալիս և ուլի ու հորթի առջև պարում, կամ հեռվի գետակից մի ոլորան տեսնեի, կամ վանքի մի պատը, կամ հացի ու կարտոլի խնամված ցանքերից մի գորգաչափ տեղ, պիտի ասեի. դուք ինձ բերել եք Տերյանի Ջավախք, այսքան գեղեցիկ միայն Տերյանի պոեզիան է:
Ամենամյա մեր այս ուխտագնացությունը և մե՛զ է հարկավոր, և իրեն պոետին. մենք նրա անմահությունն ենք, ինքը մեր կարիքը ունի, առանց մեզ՝ նաև իր ղողանջն էր մարելու, ինչպես որ մարել է, ասենք, Աղթամարի ղողանջը. և մեծից փոքր ու ղեկավարից հասարակ մենք բոլորս իր կարիքը ունենք, քանի որ մարդու նպատակը վեհ ու վեր մի գեղեցիկ բանի առնչվելն է:

Դեպի ինքը ձգտելով՝ մենք այդ վեհին ու վերին ենք ձգտում:

26.07.1987

Աղբյուր՝  Հրանտ Մաթևոսյանի պաշտոնական կայք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s