Հրանտ Մաթևոսյան, Սպիտակ թղթի առաջ

153-h100

Վիլյամ Սարոյանը Վարպետի մասին

Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա։

Հոդվածներ

Այս սիրելի-սարսափելի, խելացի-խելագար, հասկանալի-խճճված աշխարհում դաժան բան է մերկ լինել, լինել աշխարհի մերկացած նյարդը՝ գրող։ Սպիտակ թղթի առջև ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել։

Գրողն ի՞նչ է անում. աշխարհն իր ուզածի պես չէ, ուզում է աշխարհը բերել իր ուզածի տեսքին։ Դա վեր էր ֆաշիզմի ուժից, բոլոր հանճարներն ու շիզոֆրենիկները իրենց գլուխը կոտրել են դրա վրա, իսկ ահա մի խեղճուկրակ կերպարանք, անունը՝ գրող, ունեցածը՝ թանաք, նստել է և ուզում է իր տեսքին բերել այս քաոսային աշխարհը։ Եվ մինչև հիմա այն է արել, որ փշուր-փշուր, փշուր-փշուր ինչպես գրանիտից՝ կերտել է Քրիստոս, սոսկական ծննդաբերողից կնոջը դարձրել է կուռք, սիրելի է դարձրել Հունաստանը, Պարսկաստանը, Իսպանիան, հին կանեփի դաշտ Ռուսաստանը դարձրել է աշխարհին գրականություն տվող Ռուսաստան։ Առանց «Աբու-Լալա Մահարու» անապատը կլիներ միայն ավազուտ։ Մարդատյաց աշխարհը մարդասիրացրել է։ Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին։ Մոնումենտալացնելով՝ գրականությունը մեզ կարոտել է տալիս մեր կողքին իսկ գտնվող մարդուն, հատը երեսուն կամ հիսուն կոպեկ արժեցող շուկայի վարդը դարձնում է քնարական,- Աստծուն հավասար արարիչ է գրականությունը՝ չնայած ամեն մի Գարսիա Լորկայի կարող է շանսատակ անել ամեն մի լեյտենանտիկ, ամեն մի Սարոյանի սողալ կհրամայի ամեն մի վաշտապետ։

«Սպիտակ թղթի առջև», 14.10.1966թ.

Ինչու եմ գրո՞ւմ.որովհետև Թումանյանն ու Տոլստոյը գրե՞լ են. երևի թե` այո, բայց ավելի շատ գրում եմ այն պատճառով, որ նրանք այն չեն գրել ու այնպես չեն գրել: Սա պատասխա՞ն է: Ճշմարտությանը մոտ էր լինելու եթե ասեի` չգիտեմ ինչու եմ գրում: Աստծու որևէ արարած եթե կարողանա ասել, թե ինքն ինչու է ծաղիկ, գայլ, մարդ, ձի կամ նկար, այդպես էլ գրողը կասի, թե ինքն ինչու է գրող, ինչու է գրում:   

Առհասարակ մեր մտավորականության մի շատ զգալի մասը հայ մշակույթից օտարացված էր. երեկ մոսկվահպատակ էր, այսօր մի այլահպատակ է, վաղը մի ուրիշհպատակ կդառնա։ Դու նրան ընթացքի մեջ տես ու տես նրա վաղվա դարձը դեպի իր մայրը, որ է Հայաստանը, և նրա ագրեսիան դու տես։ Էստեղ թանկ բան չկա նրա համար։ Նա հրով ու սրով է գալու, Նարեկացի ու խաչքար է ասելու, բայց սրբություն չունի այստեղ, որպես թե մեծ գաղափարներով, բայց միայն պրովինցիալի մեծ ախորժակով է գալու «մայրաքաղաքի» վրա, և բնիկներդ ձեզ վտարված եք գտնելու ձեր իսկ երկրում։ Քանիսի ուշադրությունն եմ հրավիրել Բակունցի «Պրովինցիայի մայրամուտի» վրա. ի՜նչ այժմեական, ի՜նչ ճշմարիտ կինոնկար կլիներ։ Մեր ժամանակի մեծագույն գործն է՝ մարդու օտարումն իր երկրից։ Քաղաքակրթության անունով եկան, արևելյան քո կավի դղյակը, որ էիր դու, փլեցին, քեզ քո երկրից դուրս քշեցին, շորերդ քաղաքի գլխին մի տեղ թողիր ու վերացար։ Այսօրվա իմ վիճակն է։ Դարձյալ Մհեր, այո՞։ Գուցե թե պատահի՝ մոսկովյան մի հրեա օտարացման այս թեման ձեռին գա, ինձ էլ խորհրդատու վերցնի ու… Բայց «Պրովինցիան» այստեղ էր, չէ՞, արդեն քառասուն տարի այստեղ էր, իր բացողին ու ծավալողին էր սպասում. դու ո՞ւր էիր, ինչո՞վ էիր զբաղված, ուրի՞շն է ներկայացնելու քո վիճակը քո երկրում։

Էսօր մեր իրականությունը Փոքր Մհերի անիրական իրականությունն է: Խուսափուկ, անորոշ թշնամի և իրական պարտություն:  

…տերերի համար լա՞վ աշխատել, թե՞ վատ: Տերության մեջ պետք է լավ աշխատել, քանի որ վատ աշխատելով, վատ ստեղծելով փչացնում ես նախ քեզ: Անվստահելի կամուրջ կապելուց առաջ քեզ ես փչացնում: Քեզանից անբարո մի գոյություն է առաջանում, որը վաղվա ազատության պայմաններում նույն անբարոն է լինելու ինքը` իր երկրի, իր որդիների առաջ:

«Ես ես եմ», 15.06.1993թ.

Հայրենիք ենք հիմնել, Հայրենիք ենք բարձրացնում, և նրա մեր կարեկից ողորմությունը չի խնդրում,- կարեկցել ուզում և կարողանում են նաև օտարները, քանզի կարեկցանքը պարոնտիրոջ վերաբերմունք է առ ողորմելին,- Հայրենիքը պահանջում է իր բոլոր որդիների մեր ամենամյա, ամենօրյա, այսժամյա հավատավոր ջանքը: Նրա նվաստությունը վաղվա օրով — այս պահին մեր ստույգ դավաճանությունն է: Հիմնովին ցնցված մեր հին երկրում Հայրենիք ենք բարձրացնում և նրա պարիսպները քարորեն համր են մնալու այսօրվա մեր թերահավատների առջև, և նրա բարձր կամարները բարի հուշեր են ղողանջելու մեզանից նրանց մասին, ովքեր իրենց շատից շատը և քչից քիչը դրեցին նույն այդ կամարների հիմքում: Բարին ընդ բոլորիս և ամեն մեկիս:

«Ամենքիս և յուրաքանչյուրիս, բոլոր հայերիս»

Աղբյուրը՝ Հրանտ Մաթևոսյան․ պաշտոնական կայքէջ։

Սպիտակ թղթի առաջ․ հոդվածներ․ Երևան, 2004թ.

Հատվածների ծաղկաքաղը՝ Լիլիթ Մադոյանի։

Оставьте комментарий