Իրանական արդի պոեզիա․ Աստիճան ըստ ցելսիուսի

Հայաստանում առաջին ջերմազգայուն գրքից ընտրված հատվածներ։

Ամենամութ գիշերվա մեջ

փակուղու ամենավերջում

կավե պատին

հասմիկ է ծաղկում։      (Աբբաս Քիառոստամի)


Նավը վերջին

Լավ բան է հույսը․

վերջին կոպեկի պես,

վերջին տոմսի,

վերջին փամփուշտի,

վերջին նավի նման։

Վերջին կոպեկը միջոց է,

որ չկոտրվի հպարտությունդ։

Վերջին տոմսը չի թողնում՝

հուսահատ վերադառնաս կայարանից։

Վերջին փամփուշտն օգնում է զինվորին

խուսափել գերությունից։

Ով հույս ունի՝

չքավոր չէ,

ձեռքը լիքն է միշտ։

Մոռացա վերջին նավի մասին․

եթե նույնիսկ չգա,

չի թողնի՝ մոռանաս ծովն ու ճամփորդելը։   (Ռասուլ Յունան)


Այսքան ճամփա անցա, որ

քեզ տեսնեմ,

ասում ես՝ տե՜ս ծառը․․․

Վա՜յ, բախտ բաժանող։      (Ալիռեզա Ռոշան)


Սերը տունդարձի ճանապարհն է

գործից հետո,

կռվից հետո,

բանտից,

Ճամփորդելուց հետո։

Իմ կարծիքով

միայն սերն է ունակ

վշտերին վերջ տալու,

ուստի միշտ սիրերգեր եմ գրում։

Ես այն զինվորն եմ,

որ կռվի դաշտում

չի մոռացել իր սիրելիին։      (Ռասուլ Յունան)


Կարանտին

Այն, որ գիտեմ՝ չկա քեզ նմանը,

ավելի սարսափելի է,

քան փաստը, որ դու չկաս։     (Մորթեզա Դելավարի Փառիզի)


Ոմանց համար

գագաթը հասնելու,

սարի համար

ձյունոտ կետ է:      (Աբբաս Քիառոստամի)


Ցանկություն

Երանի լուսամոտ լինեի

նստած պատի վրա,

երանի սրտիս ապակուն

վարագույր կախված լիներ,

երանի աշխարհն ինձնով տեսնեիր,

երանի կարողանայի այդքան եսասեր լինել։     (Փունե Նեդայի)


Մեկ բաժակ թեյը

քեզ հետ

դարձավ հուշ,

հազար բաժակը

առանց քեզ՝

թեյ։               (Ալիռեզա Ռոշան)


Պայուսակս վերցրի ու

Դուրս թռա։

Հիմա եկել եմ՝

Ինձ տանեմ։     (Սառե Դասթառան)


Չվերադարձան

գետերը, որ դեպի ծով գնացին,

ընկերները՝ որ պանդխտություն,

զինվորները՝ որ ճակատ․․․   (Աբբաս Քիառոստամի)


Խցանումների ու ծխի միջով

մի թիթեռ է անցնում․

այս քաղաքի հետ

       հույս կապել հնարավոր է,

                                                  դեռ։   (Սառե Դասթառան)


Խաղաղ եմ

Խաղաղ եմ,

ինչպես քաթանե ցանցերը գիշերանոցի,

ինչպես լապտեր՝ աղոտ լույսով,

լքված սրահում։

Խաղաղ եմ,

ինչպես ձմեռային շորերի ճամպրուկ,

ինչպես սփռոց՝

լվացքի մեքենայով բազմիցս լվացած,

պարանին չորացած,

սեղանին փռած։

Խաղաղ եմ,

ինչպես սպիտակ մատիտը գունավոր

մատիտների մեջ։

Խաղաղ եմ, ու

արցունքներիս ուշադրություն չեմ դարձնում։   (Սառա Առդեհալի)

Իրանական արդի պոեզիա, Աստիճան ըստ ցելսիուսի, Երևան, 2018թ։

Թարգմանիչ և կազմող՝ Էդիկ Պողոսյան

Թվայնացումը՝ Լիլիթ Մադոյանի

Оставьте комментарий