Խալիլ Ջիբրան, Մարգարեն

Ուսուցանելու մասին

Հետո ասաց մի ուսուցիչ. «Խոսի՛ր մեզ հետ Ուսուցանելու մասին»:

Եվ նա պատասխանեց.

-Ոչ ոք չի կարող ձեզ համար բացահայտել այլ բան, քան այն, ինչ արդեն կիսաքուն պառկած է ձեր գիտելիքի արշալույսին:

 Ուսուցիչը, որ իր հետևորդների հետ ճեմում է տաճարի ստվերում, տալիս է նրանց ոչ թե իր իմաստությունը, այլ հավատն ու սերը:

 Եթե նա իսկապես իմաստուն է, նա ձեզ չի հրավիրում մտնելու իր իմաստության տունը, այլ ձեզ ուղեկցում է դեպի ձեր սեփական մտքերի նախագավիթը:

 Աստղագետը կարող է խոսել ձեզ հետ տիեզերքի իր ըմբռնման մասին, սակայն նա չի կարող տալ ձեզ իր ըմբռնումը:

 Երաժիշտը կարող է երգել ձեզ համար տիեզերքի ռիթմի մասին, սակայն նա չի կարող տալ ձեզ լսողությունը, որ ընկալում է այդ ռիթմը, ոչ էլ ձայնը, որ այդ ռիթմն արձագանքում է:

 Եվ նա, ով քաջածանոթ է թվերի գիտությանը, կարող է պատմել քաշի և չափի բնագավառի մասին, սակայն չի կարող առաջնորդել ձեզ այնտեղ,

 Քանզի երևակայությունն իր թևերն այլ մարդու տալ չի կարող:

 Եվ ինչպես ձեզանից յուրաքանչյուրդ մենակ եք Աստծո գիտակցության մեջ, այնպես էլ ձեզանից  յուրաքանչյուրդ պետք է մենակ լինեք Աստծո և երկրի ձեր ըմբռնման մեջ:

Խոսելու մասին

 Հետո մի գիտուն ասաց. «Խոսի՛ր Խոսելու մասին»:

Եվ նա պատասխանեց՝ ասելով.

 -Դուք խոսում եք այն ժամանակ, երբ դադարում եք հաշտ լինել ձեր մտքերի հետ,

 Եվ երբ այլևս անկարող եք լինում ապրել ձեր սրտի միայնության մեջ, սկսում եք ապրել ձեր շուրթերի վրա, և ձայնը դառնում է ժամանց:

 Եվ ձեր խոսքում մտքի մի մասը ոչնչանում է,

 Քանզի միտքը տարածության թռչուն է, որը խոսքերի վանդակում կարող է բացել թևերը, սակայն չի կարող թռչել:

 Ձեզանից ոմանք փնտրում են զրուցասերների, քանզի վախենում են միայնակ լինելուց:

 Միայնության լռությունը նրանց համար բացահայտ է դարձնում իրենց մերկ էությունները, ինչից  որ նրանք խուսափում են:

 Ոմանք էլ խոսում են ու առանց գիտակցության և կանխամտածումի հայտնում են ճշմարտությունը, որն իրենք էլ չեն հասկանում:

 Իսկ ոմանք էլ իրենց մեջ ճշմարտությունն են կրում, սակայն բառերով չեն արտահայտում:

 Նրանց ներսում հոգին բաբախուն լռության մեջ է ապրում:

 Երբ ճանապարհին, կամ շուկայում հանդիպեք ձեր ընկերոջը, թող ձեր հոգին շարժի ձեր շուրթերը և ուղղություն տա ձեր լեզվին:

 Թող ձեր ձայնի ներքին ձայնը խոսի նրա ականջի ներքին ականջի հետ,

 Քանզի նրա հոգին կհիշի ձեր սրտի ճշմարտությունը, ինչպես որ գինու համն է հիշվում,

 Երբ մոռացվում է գույնը, և այլևս չի լինում շիշը:

Ինքնաճանաչողության մասին

Եվ մի մարդ ասաց. «Խոսի՛ր մեզ հետ Ինքնաճանաչողության մասին»:

 Ու նա պատասխանեց՝ ասելով.

-Ձեր սրտերը լուռ պահում են օրերի և գիշերների գաղտնիքները:

 Իսկ ձեր ականջները տենչում են լսել այն, ինչ ձեր սիրտը գիտի:

 Դուք ցանկանում եք բառերի վերածել այն, ինչ միշտ իմացել եք ձեր մտքում,

 Եվ մատներով դիպչել ձեր երազների մերկ մարմնին:

 Եվ թող այդպես լինի:

 Ձեր հոգու թաքուն աղբյուրը պիտի ժայթքի և կարկաչելով հոսի դեպի ծովը:

 Եվ ձեր անհուն խորությունների գանձը պիտի տեսանելի դառնա,

 Սակայն ոչ մի կշեռք չպիտի կշռի ձեր անհայտ գանձը,

 Եվ չպիտի չափեք ձեր գիտելիքների խորությունը և ոչ մի գործիքով,

 Քանզի մարդը ծով է՝ անսահման և անչափելի:

«Ես գտել եմ ճշմարտությունը» ասելու փոխարեն, ասե՛ք. «Ես մի ճշմարտություն եմ գտել»:

«Ես գտել եմ հոգու ճանապարհը» ասելու փոխարեն, ասե՛ք. Ես տեսել եմ հոգին, որ քայլում էր դեպի ինձ»,

Քանզի հոգին բոլոր ճանապարհներով է քայլում:

Հոգին մի ուղիղ գծով չի քայլում և ոչ էլ եղեգի պես է աճում:

Հոգին, անհամար թերթիկներ ունեցող լոտոսի պես, մերկացնում է ինքն իրեն:

Հատվածներ Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» գրքից

Оставьте комментарий