Էռնեստ Հեմինգուեյ, Կատուն անձրևի տակ

 Երկու ամերիկացի էր միայն այդ հյուրանոցում կանգ առել: Սենյակ մտնելիս ու դուրս գալիս աստիճանների վրա հանդիպողներից նրանք ոչ ոքի չէին ճանաչում:

Նրանց սենյակը երկրորդ հարկում էր՝ ծովահայաց: Այն նաև բացվում էր հանրային զբոսայգու ու պատերազմի հուշակոթողի վրա: Զբոսայգում հսկա արմավենիներ կային ու կանաչ նստարաններ: Լավ եղանակին մի նկարիչ էր միշտ լինում այնտեղ՝ նկարակալով: Նկարիչները սիրում են նայել, թե ինչպես են ծառերը հասակ առնում, ինչպես նաև՝ դիտել այգիներին ու ծովին հառված հյուրանոցների վառ գույները: Իտալացիներ կային, որ երկար ճամփա էին կտրում-գալիս՝ տեսնելու համար այդ հուշարձան-կոթողը: Այն բրոնզից էր ու շողշողում էր անձրևի տակ: Անձրև էր գալիս, կաթիլ-կաթիլ թափվում արմավի ծառերից: Ջուրը տեղ-տեղ լճակ էր կազմել խճապատ կածաններին: Ծովը պատռվել, անձրևաջրերից մի մեծ շառավիղ էր կազմել ու ետ էր քաշվում ափն ի  վար՝ առաջ գալու ու կրկին փշրտվելու անձրևի տակ՝ մի մեծ գծով: Տրամվայները պուրակից հուշարձանի կողքով անցնում-հեռանում էին: Պուրակի մյուս կողմում՝ սրճարանի շեմին մի մատուցող էր կանգնած՝ հայացքը հառած դատարկ պուրակին:

  Ամերիկուհին պատուհանի մոտ կանգնած դուրս էր նայում: Դրսում՝ հենց իրենց պատուհանի տակ, մի կատու էր կծկված՝ կաթկթող կանաչ սեղաններից մեկի տակ: Կատուն փորձ էր անում այնպես սեղմվել, որ կաթիլքի տակ չընկնի հանկարծ:

-Իջնում եմ, էդ կատվիկին բերեմ,- ասաց կինը:

-Ե՛ս գնամ,- առաջարկեց ամուսինը անկողնու միջից:

-Չէ՛, ես ի՛նքս: Խեղճ փիսիկը փորձում է մի կերպ էնտեղ սեղանի տակ չոր մնալ:

  Ամուսինը շարունակում էր պառկած կարդալ՝ ոտքերը հենած մահճակալի ծայրին դրված բարձերին:

-Տես հա˜, չթրջվես,- ասաց նա:

  Կինն աստիճաններով իջավ ցած. հյուրանոցի տերը ոտքի կանգնեց ու գլուխ տվեց, երբ նա անցնում էր սրահով: Նրա սեղանը սենյակի խորքում էր: Դա մի ծեր ու բավականին բարձրահասակ մարդ էր:

-Il piove,- ասաց կինը: Նրան դուր էր գալիս այդ մարդը:

-Si, si, Signora, brutto tempo: Շատ վատ եղանակ է:

  Նա կանգնած էր կիսախավար սենյակի խորքի իր սեղանի ետևում: Կինը հավանում էր նրան: Նրան դուր էր գալիս այն ահավոր լուրջ ձևը, որով ծերուկը որևէ մեկից բողոք էր լսում: Կնոջը դուր էր գալիս նրա արժանապատիվ կեցվածքը: Նրան դուր էր գալիս վերջինիս հյուրանոցատիրային պահվածքը: Մանկամարդ կնոջն այդ դուր էին գալիս նրա ծեր, մռայլ դեմքն ու խոշոր ձեռքերը:

  Դեռևս հիանալով նրանով՝ կինը բացեց դուռն ու դուրս նայեց: Անձրևն ավելի էր սաստկանում: Ռետինե թիկնոց հագած մեկը դատարկ պուրակով գալիս-մոտենում էր սրճարանին: Կատուն քիվերի տակով կարող էր անցած լինել: Քանի դեռ կինը կանգնած էր շեմին, ետևից մեկը անձրևանոց բացեց: Սենյակը հարդարող սպասուհին էր:

-Դուք չպե՛տք է թրջվեք,- ժպտալով ասաց նա իտալերեն:

  Հաստա՛տ հյուրանոցի տերն էր ուղարկել նրան:

  Անձրևանոց պահած սպասուհու հետ կինը քայլում էր խճապատ շավղով, մինչև որ հայտնվեց իրենց պատուհանի տակ: Սեղանն այնտեղ էր՝ անձրևաջրից վառ կանաչ դարձած, սակայն կատուն չկար: Նա հիասթափություն զգաց: Սպասուհին վեր նայեց.

-Ha perduto qualque cosa, Signora?

-Էստեղ մի կատու կար,- ասաց ամերիկուհին:

-Կատո՞ւ:

-Si, il gatto.

-Կատո՞ւ,- սպասուհին ծիծաղեց: — Անձրևի տա՞կ:

-Այո՛,- ասաց կինը,- սեղանի տակ: Հետո՝- Օ˜, էնքան էի ուզում դրան: Փիսի՛կ էի ուզում:

Երբ նա անգլերեն էր խոսում, սպասուհու դեմքը պրկվեց:

-Գնա՛նք, Signora,- ասաց նա: — Պետք է ետ գնալ: Կթրջվե՛ք:

-Երևի թե էդպես,- ասաց ամերիկուհին:

  Նրանք ետ դարձան խճապատ ճամփով ու դռնով ներս անցան: Սպասուհին դրսում կանգնեց՝ փակելու անձրևանոցը: Երբ ամերիկուհին անցնում էր սրահով, հյուրանոցի տերը գլուխ տվեց սեղանիկի մոտից: Ինչ-որ շատ պստիկ ու սեղմող բան խլրտաց աղջկա հոգում: Հյուրանոցատերը ստիպում էր իրեն մի տեսակ շատ պստլիկ զգալ ու միևնույն միջոցին՝ իրապես կարևոր:

  Կինն իր իսկ խիստ կարևորության մի վայրկենական զգացում ունեցավ: Նա շարունակեց աստիճաններով վեր բարձրանալ: Բացեց սենյակի դուռը: Ջորջն անկողնում նստած կարդում էր:

-Գտա՞ր կատվին,- հարցրեց նա՝ գիրքը ցած դնելով:

-Գնացել էր:

-Հետաքրքիր է՝ ո՞ւր,- ասաց նա՝ հայացքը գրքից կտրելով:

Կինը նստեց մահճակալին:

-Էնքա˜ն էի ուզում,- ասաց նա: — Չգիտեմ՝ ինչի էի էդքան շատ ուզում: Էդ խեղճ փիսիկի՛ն էի ուզում: Հեչ լավ բան չի դրսում, անձրևի տակ խեղճ ու կրակ փիսիկ լինելը:

Ջորջը կարդում էր:

  Կինն անցավ մյուս կողմն ու նստեց զարդասեղանի առջև՝ զննելով իրեն ձեռքի հայելիով: Զննում էր իր կիսադեմը՝ նախ մեկ, ապա մյուս կողմից: Հետո էլ զննել սկսեց գլխի ետևն ու պարանոցը:

-Չե՞ս կարծում, որ լավ կլիներ մազերս երկարացնեի,- հարցրեց նա՝ կրկին նայելով սեփական կիսադեմին:

  Ջորջը վեր նայեց ու տեսավ կնոջ պարանոցը ետևից՝ տղեկի պես կարճ խուզած մազերով:

-Ոնց կա, էդպես ինձ դուր է գալիս:

-Ես էնքա˜ն եմ հոգնել դրանից,- ասաց կինը: -Էնքա˜ն եմ հոգնել տղայի նմանվելուց:

  Ջորջն անկողնում դիրքը փոխեց: Նա հայացքը կնոջից չէր կտրել այն պահից ի վեր, ինչ վերջինս սկսել էր խոսել:

-Տեսքդ ահավոր սիրուն է,- ասաց նա:

  Կինը հայելին դրեց զարդասեղանին, անցավ պատուհանի կողմն ու դուրս նայեց: Մթնում էր:

-Ուզում եմ մազերս ետևից հարթե՛լ ու ձիգ կապել ու սանրել, մի մեծ հանգույց անել հետևիցս, էնպես, որ ձգվելը զգամ,- ասաց նա: — Ուզում եմ փիսի՛կ ունենալ, որ նստի ծնկիս ու մռռացնի, երբ շոյեմ իրեն:

-Հա˜,- ասաց Ջորջն անկողնուց:

-Եվ ուզում եմ սեղան նստել իմ սեփական արծաթե ապասքով ու մոմեր եմ ուզում: Եվ ուզում եմ, որ գարուն լինի, ու մազերս եմ ուզում սանրել հայելու առաջ, և մի փիսիկ եմ ուզում, ու մի քանի նոր շոր էլ:

-Օ˜, վե՛րջ տուր, մի բա՛ն  վերցրու, կարդա՛,- ասաց Ջորջը: Նա վերստին անցավ կարդալուն:

  Կինը պատուհանից դուրս էր նայում: Այժմ արդեն բոլորովին մութ էր, ու դեռ արմավենիներին անձրև էր թափվում:

-Ինչ էլ որ լինի՝ կատու՛ւ եմ ուզում,- ասաց նա: — Կատու եմ ուզում հիմի՛: Եթե երկար մազեր չեմ կարող ունենալ կամ թե ուրախ մի բան, գոնե կատու՝ հո՛ կարող եմ:

  Ջորջը չէր լսում նրան: Նա իր գիրքն էր կարդում: Կինը դուրս էր նայում պատուհանից, ուր արդեն լույս էր վառվում պուրակում:

 Դուռը բախեցին:

-Avanti,- ասաց Ջորջն ու հայացքը բարձրացրեց գրքից:

  Դռների մեջ կանգնած էր սպասուհին: Նա գրկում պինդ սեղմած ուներ կրիայի զրահ հիշեցնող մի մեծ կատու ու մեղմիվ տարուբերում էր այն:

-Ներեցե՛ք,- ասաց նա,- պարոնը խնդրեց սա Signora-ի համար բերել:

Il piove (իտալ.)-Անձրև է գալիս:

Si, si, Signora, brutto tempo  (իտալ.)-Այո՛, այո՛, սինյորա, եղանակը վատն է:

Ha perduto qualque cosa, Signora? (իտալ.)-Դուք ինչ-որ բա՞ն եք կորցրել, սինյորա:

Si, il gatto (իտալ.)-Այո՛, կատու:

Avanti (իտալ.)-Մտե՛ք:

Էռնեստ Հեմինգուեյի «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր» պատմվածքների գրքից

Թարգմանությունը՝ Նինա Ջաղինյանի

Оставьте комментарий