Զվազելն եղանց և զվարգելն եղջերուաց…

-Էնպե՜ս եմ կարոտել երկրիս ձայների՜ն, ռիթմի՜ն, բույրերի՜ն, որ ինձ համար ուղղակի կյանք են եղել։ Երկիր ասելով՝ հասկանալի է՝ Լոռին։ Ձայնե՜րն իսկապես…Հացի՛ պես… Ոնց որ քաղցածը հացին կարոտած է լինում, ես էդպես՝ էդ քաղցը, էդ պակասը։ Վախենամ, որ արդեն անդարձ է…

  Գիտեմ, որ ամեն հարաբերվելիս ուրիշ է, կենդանություն է գալիս մեջս։ Կենդանություն ասեմ, քանի որ էսօրվա իմ վիճակը կենդանության հետ զուգահեռ գոյություն ունի, նաև՝ անհարիր։ Գուցե նա ուրիշ ներկայությունից է։ Բայց գիտեմ, որ կյանքն այդ է, գիտեմ, որ իր կենդանի ներկայությունը, իր թաքուն շշուկը, շշունջը իմ մեջ ինձ հուշել է, որ կենդանի մի երկու տող ստեղծել եմ։ Այլապես գալիս են ուրիշ մակարդակի հարաբերություններ, գալիս են գրքային տողեր…

  Էնպե՜ս եմ կաոտել հո՜րս, մո՜րս ձայնին…Հորս ձենի՜ն, բույրի՜ն, ձեռքի՜ն…Մշակ՝ աշխատած ձեռի ծանրությունն ուսիս վրա։ Խոշոր, սիրուն ձեռք ուներ…Եվ էր անվաստակ…Անվաստակ է՛ն իմաստով, որ տունը ոչ  բան չէր եկել, բայց աշխատած էր…էդ երեկոները՝ ջանք թափած, քրտինք թափած էդ երեկոները․․․Օրն էր էդպես ավարտվում։ Օրն էր ապրվում էդպես…

  Ժամանակն ուրիշ էր։ Օրվա հույս կար։ Երեխայից ալևոր, փոքրից մինչև ալեհեր էդ բնությանը կապված էին։ Երեխան զգում էր, որ ինքը աշխարհի ստրուկը չի, որ դրանց օգնությունը գեղեցիկ բան է։  Բայց հեռու, որ կա որպես հեռավոր մի զորություն, որպես Աստծո հեռավոր մի զորություն։ Թող լինի օգնությունը, էդ բարեկամությունը, բայց կենդանի Աստվածը էդ մեր արտի մեջ է, էդ կանաչ դաշտի…

  Էնպե՜ս եմ կարոտել էդ արտի ծփանքին։ Քամին արտի վրայով խաղալո՜վ-խաղալո՜վ գնում էր՝ էդպես էր կենդանի կյանքը… Նորից տեսնելո՞ւ ենք…

   Ես ինձ բախտավոր եմ համարում՝ էդ շրջանը տեսել եմ, որ ամբողջ մարդկության ծագերից մինչև մեր օրերը ողջ գեղջկական կյանքը վերցրել է իր մեջ, և ես տեսել եմ։ Եվ էնպե՜ս կուզենայի… Ինչպե՜ս եմ խղճում իմ երեխաներին, իմ թոռներին, քաղաքում ծնված էս փոքրերին, որ չեն իմանալու՝ ինչ է արտը, ինչ է մղեղը, ինչ է եզը, ինչ է հողի բույրը, ինչ է տարածության ազատությունը, խղճում եմ, որ գետնի վրա տեղ չունեն… Որ չեն տեսել զվազելն եղանց և զվարգելն եղջերուաց…

Հ․Վարդումյան, Զրույցեր Հրանտ Մաթևոսյանի հետ

Երևան, 2003

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի

«Զանգակ» հրատարակչություն

Оставьте комментарий