Բաղնիք՝ պատերազմի արանքներում, Աղասի Այվազյան

Ավետարան ըստ Հավլաբարի։ Աղասի Այվազյան | Գրական ակումբ

Հակոբը վերադարձավ պատերազմի վերջանալուց էլ մի քիչ ուշ՝ 1946-ին։ Սանիտարական գնացքները նրան պտտացրել էին քարուքանդ եղած Եվրոպայում և, վերջապես, մի կերպ կարած-կարկատած տուն հասցրել։ Թոռը իր բացակայության տարիքն ուներ և պապիկին նայում էր որպես նոր աշխարհ եկած ծերուկի։ Ամբողջ օրը հոտոտում էիր իրար, որդին՝ Սիմոնը, իր կաղությունը քայլվածք ոճավորելով, բերեց սեղանին դրեց պատերազմական հաց ու խաղողի չեչի օղի, հայրը՝ մախորկա և խոզի ճարպ, իսկ թոռը՝ Հակոբիկը, տնտղում էր պապի ճամպրուկի անկյունները։ Տան միակ կինը՝ որդու կողակիցը, մեկ դուրսուներս էր անում, մեկ կանգնում էր դռան մեջ և նայում երեք տղամարդու, և կյանքի անվերջանալիությունը ամփոփվում էր այս պահի մեջ։

Մյուս օրը երեքով գնացին բաղնիք։ Զինվոր Հակոբը, նրա որդին՝ Սիմոնը և փոքրիկ Հակոբիկը։ Բաղնիքում մեծ հերթ էր․ համարներ վերցրին և սպասումի մեջ նստեցին միջանցքում։ Հոր և որդու համար սպասումը խնդիր չէր․ նրանք իրար կողքի էին նստած, խոսելու բան շատ կար և վայելում էին միմյանց ներկայությունը։ Միայն Հակոբիկն էր սրտնեղում՝ վազվզում էր սպասասրահում, և լողարանի բացվող-փակվող դռան միջից դուրս հորդող լագանների չխչխկոցներով գոլորշին մի առեղծվածային աշխարհ էր, որի մեջ հեռուներ կային և պատկառանք ներշնչող անորոշություն․․․

Երեկոյան կողմ իրենք էլ բախտ ունեցան մտնելու գոլորշու մեջ և ջրի տակ։ Լողանում էին, լողացնում իրար․․․Սիմոնի առջև բացվեց հոր մարմինը՝ սպիների առատությունն ու խորությունը դեռ անակնկալի բերեցին որդուն, հետո կարեկցագին ակնածանք առաջացավ։ Եվ  նա օճառում էր հոր մեջքը և մատներով մեկիկ-մեկիկ շոյում-լողացնում սպիներն ու տակավին թարմությունը չկորցրած վերքերը։ Հակոբիկը միացավ հորը և նույնպես լվանում էր պապի սպիները։ Սիմոնը զգուշորեն տրորում էր հոր քարուքռա մարմինը, մեղմորեն անցնում սպիների վրայով․․․Հակոբիկը զարմացած նայում էր պապի ուսերին, թևերին, համեմատում ուրիշների հետ։

-Պապի՛, ինչո՞ւ քո մեջքը այսպիսին է․․․

-Պատերազմի քարտեզն է․․․-ասաց պապը։

Հակոբիկը երեխավարի խնդմնդաց և, մատը դնելով սպիներից ամենաերկարի վրա, սկսեց «ճանապարհորդել» գոտուց մինչև ծոծրակը։ Հետո պապը պինդ գրկեց Հակոբիկին, ու գոլորշին կուլ տվեց պապին, որդուն ու թոռանը․․․

Հակոբը Ղարաբաղից վերադարձավ 1993-ի ձմռանը, հայրը՝ Սիմոնը, և Հակոբ պապը երկար ժամանակ չէին արթնացնում որդուն ու թոռանը, որ մի կուշտ քուն առնի, հետո նրա հետ սեղան նստեցին արդեն գիշերը, երբ մութ էր և մոմի լույսի տակ հազիվ էին իրար դեմքերը նշմարում։ Հակոբիկը պապի համար Աղդամից մի քանի դատարկ փամփուշտ էր բերել, դրել էին սեղանին, նայում էին և կամաց-կամաց դատարկում օղու շիշը։

Հակոբիկը դեռևս ձեռնափայտով էր շարժվում, և հայրն ու պապը թևերի տակ էին մտնում նրան տեղից տեղ քայլեցնելու համար։

Նեղվածք էր, մութ էր, ջուր ու կրակ չկար, և նորեն երեքով գնացին միակ բաղնիքը, որ Երևանում դեռ մի կերպ գործում էր․․․Գոլորշի չկար, օդը սառն էր․․․Հայրն ու Հակոբ պապը Հակոբին օգնեցին հանվել, և պապը այլևս չհարցրեց թոռանը, թե այդ ինչու է նրա մարմինը այդպիսին․․․Պատերազմի քարտեզն էր Հակոբիկի մարմնին, և Հակոբը խնամքով ու մեղմ օճառում էր նրա սպիները, որոնք այս հնամենի երկնքի տակ կռվով գոյատևելու մշտնջենական իրողության պատկերն էին կրում իրենց վրա։

1995թ․

Թվայնացումը՝ Լիլիթ Մադոյանի

Оставьте комментарий